Կարգեր
Без рубрики

Ամանորյա հրաշքը

Անահիտի ամանորյա  հրաշքը.png

Մի տխուր, խեղճ եղևնի կար: Մոտենում էր Նոր տարին, արդեն դեկտեմբերի 31-ն էր,   բայց նա ոչ զարդարված էր, ոչ էլ որևէ մեկը մտադրություն ուներ նրան  իր տուն տանել: Իսկ եղևնին շա՜տ-շա՜տ էր ուզում տոնածառ դառնալ: Նա ուզում էր անպայման ինչ-որ մեկի տաքուկ հյուրասենյակում լինել, ուզում էր պատված լինել զարդերով ու գույնզգույն խաղալիքներով, ուզում էր, որ իր շուրջը լիքը երեխաներ խաղան և առավոտյան իր տակ նվերներ գտնեն իրենց համար:

Տխուր-տրտում լացում էր եղևնին, երբ հանկարծ մի ձայն լսեց:

— Եղևնի՛, ես գիտեմ, թե դու ինչու ես տխուր, սիրելի եղևնի, և ես քեզ կարող եմ օգնել: Ուզու՞մ ես:

— Իսկ դուք ո՞վ եք,- սրթսրթաց եղևնին ցրտից ու ամոթից,- չլինի՞ բարձրաձայն եմ մտածել, և ուրիշներն էլ են լսել ինձ:

— Ոչ, դու բարձրաձայն չես մտածել, բայց ես ամեն ինչ գիտեմ: Դու ուզում ես այս Ամանորին հրաշք պատահի ու դառնաս տոնածառ, ճիշտ եմ, չէ՞: Դե այս կողմ նայիր, մի ամաչիր: Տե՛ս, ես ամենագետ Ձնեմարդն եմ, քո լավ բարեկամը:

— Այդ դու՞ ես, Ձնեմարդ: Բայց դու ինձ ինչո՞վ կարող ես օգնել:

— Ինչո՞վ: Ես կարող եմ իմ փայտե ձեռքերը տարածել ու կախարդել քեզ: Եվ այդ ժամանակ դու ամենաիսկական տոնածառ կդառնաս: Այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն լուսավոր, որ անտառի եզրի մեծ տան երեխաները քեզ անմիջապես նկատեն:

— Բայց նրանք արդեն տոնածառ կունենան: Այսօր դեկտեմբերի վերջին օրն է, մի քանի ժամ անց ամանորյա զանգերն են հնչելու, մոռացե՞լ ես: Չէ՛, դա լինելու բան չէ, ինձ ավելի մի տխրեցրու, խնդրում եմ:

— Լինելու բա՞ն չէ: Դե տես, թե ինչպես է լինում,- ասաց Ձնեմարդն ու առաջ մեկնեց իր ձեռքերը::

Եղևնին միանգամից կերպարանափոխվեց: Նա այնքան գեղեցիկ ու տոնական ծառ դարձավ, նրա շուրջն այնպես լուսավորվեց, որ ամբողջ անտառն էլ հետը լուսավորվեց: Չէր էլ հասցրել ուշքի գալ, երբ տեսավ, որ հեռվում աղմուկ-աղաղակով իրեն են մոտենում անտառի եզրի մեծ տան բալիկները՝ իրենց հայրիկի հետ միասին:

Եղևնին այնքա՜ն երջանիկ էր, որ հիմա էլ սկսեց ուրախությունից արտասվել: Ձնեմարդն էլ էր ուրախ: Չէ՞ որ նա իրականություն էր դարձրել փոքրիկ եղևնու ամանորյա երազանքը:

 

Հեղինակ՝ Անահիտ Թովմասյան

Բարև: Ես Անահիտ Թովմասյանն եմ և այս բլոգի հեղինակը։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ Ավագ Դպրոցի 10.3 դասարանում:
Այստեղ դուք կտեսնեք իմ դպրոցական աշխատանքի արդյունքը: Կպատմեմ նաև, թե ինչպես է անցնում օրս, ինչ եմ մտածում, ինչպիսի երազանքներ ու ձգտումներ ունեմ: Կփորձեմ անկեղծ լինել ձեզ հետ:
Հրավիրում եմ ընթերցելու իմ բլոգը:

One reply on “Ամանորյա հրաշքը”

Թողնել մեկնաբանություն