Կարգեր
Без рубрики

Ամանորյա գիշերը

Похожее изображение

Մի եղնիկ կար անտառում, ու  չնայած  նա ուրախ էր որ շուտով Նոր տարի էր գալու, բայց նաև շատ տխուր էր, որովհետև միայնակ էր: Նրա հետ ոչ ոք չէր խաղում, ու բոլորը մտածում էին, որ եղնիկն այնքան էլ գեղեցիկ ու լավը չէ՝ Ձմեռ պապիկից նվեր ստանալու համար:

Տխուր-տրտում պտտվում էր եղնիկը անտառում, ու հանկարծ հենց իր առջև հայտնվեց Ձմեռ պապը:

— Հո՛, հո՛, հո՛, ինչու՞ ես լաց լինում, եղնիկ,- հարցրեց նա:

— Ձմեռ պապ, ինձ ոչ ոք չի սիրում, ու ընկերներս ինձ հետ չեն խաղում: Նրանք ինձ տգեղ եղնիկ են համարում և կարծում են, որ դու ինձ համար Ամանորի գիշերը ոչ մի նվեր էլ չես բերելու:

— Հո՛, հո՛, հո,-ծիծաղեց Ձմեռ պապը,- ա՜յ քեզ հիմարություն: Ախր, դու ինձ համար ամենագեղեցիկ եղնիկն ես, որ կաս: Ո՞վ է քեզ նման սուտ ասել, և դու ինչու՞ ես հավատացել դրան: Ոչինչ, լավ, ես հենց հիմա կլուծեմ այդ հարցը, չնայած դեռ շատ անելիքներ ունեմ ու բոլոր եղնիկների նվերները դեռ չեմ հասցրել տեղավորել գեղեցիկ տուփերի մեջ: Արի՛, արի գնանք մնացած եղնիկների մոտ: Ավելի ճիշտ՝ դու ինձ քո տուբն տար, հետո գնա և ասա բոլոր եղնիկներին, որ Ձմեռ պապը քեզ հյուր է եկել ու նաև իրենց է սպասում քո տանը:

Եղնիկը գլխապատառ վազեց ընկերների մոտ: Նրանք սկզբում չհավատացին եղնիկին ու նույնիսկ ստախոս անվանեցին նրան, բայց երբ տեսան ձեռքի քաղցրավենիքը՝ հավատացին ու արագ-արագ վազելով գնացին եղնիկի ետևից:

— Հո՛, հո՛, հո՛, այս ովքե՞ր են եկել ինձ տեսնելու: Արդյո՞ք սրանք իմ ամենալավ ընկերոջ ընկերներն են ու նրա պես գեղեցիկ, նրա պես լավն ու բարի են,- կանչեց Ձմեռ պապը:

Եղնիկները մի պահ քարացան ամոթից: Չէ՞, որ նրանք ամբողջ ժամանակ եղնիկին հավատացրել էին, որ նա տգեղ ու վատ եղնիկ է: Իսկ պարզվում է՝ լավ էլ գեղեցիկ է ու  դեռ մի բան էլ՝ Ձմեռ պապի լավագույն ընկերն է:  Հետո արագ ուշքի եկան ու միաբերան գոռացին.

— Այո՜, այո՜, Ձմեռ պապիկ, մենք քո լավագույն ընկերոջ ամենալավ ընկերներն ենք ու նույնքան սիրուն և բարի ենք, որքան նա:

Ձմեռ պապին հենց դա էլ պետք էր լսել: Նա խորամանկորեն ժպտաց քթի տակ, հերթով գրկեց բոլոր եղնիկներին, նրանց քաղցրավենիք տվեց ու խնդրեց սպասել ամանորյա հրաշքին, որ այդ գիշերը պիտի պատահեր:

— Քանի որ դուք բոլորդ շատ սիրուն, շատ խելացի ու շատ բարի եղնիկներ եք, սպասեք ամենալավ նվերների,- ասաց Ձմեռ պապն ու նստելով իր եղջերուի մեջքին՝ արագ անհետացավ:

Հաջորդ առավոտյան բոլոր եղնիկներն իրենց եղևնիների տակ սքանչելի նվերներ ու քաղցրավենիքներ գտան և, իհարկե, շատ ուրախացան: Հետո բոլորը հավաքվեցին ու գնացին Ձմեռ պապիկի ընկեր եղնիկին շնորհակալություն ասելու: Չէ՞ որ հենց նրա շնորհիվ Ձմեռ պապը հյուր եկավ իրենց ու հենց նրա շնորհիվ իրենք գեղեցիկ նվերներ ու գովասանքներ ստացան նրանից:

Ահա այսպիսի պատմություն ամանորյա գիշերվա մասին: Լավ պատմություն էր, չէ՞: Ինձ նույնպես այն շա՜տ-շա՜տ դուր եկավ:

Հեղինակ՝ Անահիտ Թովմասյան

Բարև: Ես Անահիտ Թովմասյանն եմ և այս բլոգի հեղինակը։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ Ավագ Դպրոցի 10.3 դասարանում:
Այստեղ դուք կտեսնեք իմ դպրոցական աշխատանքի արդյունքը: Կպատմեմ նաև, թե ինչպես է անցնում օրս, ինչ եմ մտածում, ինչպիսի երազանքներ ու ձգտումներ ունեմ: Կփորձեմ անկեղծ լինել ձեզ հետ:
Հրավիրում եմ ընթերցելու իմ բլոգը:

Թողնել մեկնաբանություն